2024թ. Սեւան բաց կթողնվի իշխանի ավելի քան 300 հազար մանրաձուկ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 15-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

2023թ. լիճ էր բաց թողնվել 231 հազար մանրաձուկ։

Նախարարի խոսքով՝ 2023թ.  սիգի արդյունաբերական որսի ծավալը սահմանվել էր 600 տոննայի չափով։ «2023թ. ստուգումների շրջանակում լճից հանվել է խեցգետնի որսի 919 ցանց»,- ավելացրել է Սիմիդյանը։

Նախարարը նշել է, որ իրականացվելու է լճի ջրի մոնիթորինգ, բյուջեից այդ նպատակով հատկացվել է 60 մլն դրամ։

2024թ. նախատեսվում է 1 000 հեկտար տարածքում կատարել անտառատնկման աշխատանքներ։ 2023թ. այդ տարածքը 314 հեկտար էր։

Նախարարի խոսքով՝ միջազգային համագործակցության շրջանակում իրականացվում է 21 ծրագիր (84 մլն դոլար արժողությամբ)։ Սիմիդյանը նշել է ինը նոր ծրագրերի մասին, որոնք թույլ կտան ներգրավել եւս 32 մլն դոլար կենսաբազմազանության պահպանման նպատակով։