Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը գոհ է համակարգի բարեփոխումների ընթացքից։

2023թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում նա նշել է, որ ոստիկանության բարեփոխումները, որն այժմ դարձել է ՆԳՆ կառույց, ընթանում են 4 ուղղություններով՝ քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ոստիկանական գվարդիայի եւ համայնքային ոստիկանության ստեղծում։ Այս կերպ կվերացվեն ոստիկանության մարզային ստորաբաժանումները։

Նախարարը գոհունակություն է հայտնել պարեկային ծառայությունից եւ ջրային պարեկումից։ Նա ընդգծել է կանանց ոստիկանությունում ներգրավելու կարեւորությունը։

Նախարարը հիշեցրել է, որ ԱԺ-ն ընդունել է օրենքների փաթեթներ համայնքային եւ քրեական ոստիկանության ստեղծման մասին։ Նա նշել է, որ եղել են բացթողումներ, որոնք փորձելու են շտկել 2024թ.։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ կատարվում է քրեական ոստիկանության հավաքագրում, եւ նախատեսվում է, որ տարեվերջին ծառայությունն արդեն կգործի։ Գվարդիայի ստեղծման մասով կա միջազգային փորձագետների դրական եզրակացությունը, եւ ՆԳՆ-ում հուսով են, որ ԱԺ-ն գարնանային նստաշրջանի ընթացքում կընդունի համապատասխան օրենքներ։