Եվրոպական կենտրոնական բանկը բոլոր երեք հիմնական տոկոսադրույքները թողել է անփոփոխ։ Բազային տոկոսադրույքը մնացել է 4,5%, ավանդների տոկոսադրույքը` 4%, իսկ մարժային վարկավորման տոկոսադրույքը` 4,75%: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Այս որոշումը համահունչ է տնտեսագետների կանխատեսումներին, որոնք ակնկալում են տոկոսադրույքի իջեցում գարնանից կամ նույնիսկ ամառից ոչ շուտ։
«Այս առավոտ Կառավարման խորհրդի սեղանի շուրջ կոնսենսուսն այն է, որ վաղաժամ է քննարկել տոկոսադրույքի իջեցումը», - ասաց Բանկի նախագահ Քրիստին Լագարդը:
Եվրոպական կարգավորիչը նախատեսում է տոկոսադրույքները բարձր պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Նպատակը 2% գնաճի հասնելն է։
Առայժմ միտումը բավականին դրական է, ասում են Մայնի Ֆրանկֆուրտում։ ԵԿԲ-ն ընդգծել է, որ չնայած էներգակիրների գների պատճառով գնաճի ժամանակավոր աճին, հիմնական գնաճը, որը հաշվի չի առնում էներգետիկան և պարենային ապրանքները, շարունակում է նվազել։
Դեկտեմբերին ԵԿԲ-ի տնտեսագետներն ակնկալում էին, որ 2023 թվականին գնաճը կկազմի 5,4%, 2024 թվականին՝ 2,7%, 2025 թվականին՝ 2,1%, իսկ 2026 թվականին՝ 1,9%:




























