Եվրահանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր են 1,5 մլրդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի ռազմավարական տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում՝ Ռուսաստանի շրջանցմամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, առեւտրի հարցերի եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Բրյուսելում բացելով ԵՄ-Կենտրոնական Ասիա երկօրյա տրանսպորտային ներդրումային համաժողովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«11 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցքը կմիավորի մեր տարածաշրջանները ։ Մենք պետք է այդ միջանցքը դարձնենք մրցունակ,- ընդգծել է Դոմբրովսկիսը։- Մենք մտադիր ենք հասնել կոնկրետ արդյունքների։ Ուստի Եվրահանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր են 1,5 մլրդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի տրանսպորտային հնարավորություններում։ Ավելի ուշ կստորագրվեն համապատասխան փոխըմբռնման հուշագրեր»։

Դոմբրովսկիսը չի նշել երթուղին։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Միջին միջանցքի մասին է։ Հիշեցնենք, որ սկզբում գաղափարը նկատի ուներ ճանապարհը Վրաստանով եւ Ադրբեջանով դեպի Միջին Ասիա։ Բայց 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից եւ 2023թ. սեպտեմբերին նրա լիակատար օկուպացումից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի ակտիվորեն են պահանջում «միջանցք» Հայաստանի Սյունիքի մարզով (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»)։