Սարատովցի լուսանկարիչ Իննա Մոսինան փետրվարի 5-ին տուգանվել է 1,5 հազար ռուբլի Instagram-ում ծիածանագույն դրոշի հրապարակման համար։ Սարատովի Լենինյան դատարանի դատավորը այդ լուսանկարները համարել է «ծայրահեղական խորհրդանշանների ցուցադրում»։
Մոսինայի հանդեպ արձանագրությունը կազմվել է 2023թ. դեկտեմբերին։ Ընդ որում՝ լուսանկարները հրապարակվել էին 3, 5 եւ 6 տարի առաջ։ «Իրավախախտման» հայտնաբերման պահին ՌԴ Գերագույն դատարանի որոշումը «ԼԳԲՏ միջազգային շարժման» ծայրահեղական լինելու մասին անգամ ուժի մեջ չէր մտել։
Ոստիկան Անդրեյ Անտոնովը, որը կազմել է արձանագրությունը, չի կարողացել պատասխանել, թե չունենալով Գերագույն դատարանի որոշումը, ինչպես է այն ծայրահեղական եւ արգելված համարել։ Աղջկա պաշտպանությունը հայտարարել է բողոքարկելու մտադրության մասին։
Իննա Մոսինան իրեն մեղավոր չի ճանաչում։ Instagram-ի հրապարակումը, նրա խոսքով, նա հեռացրել է դեկտեմբեին, տեղամասային տեսուչի զանգից հետո։ Ըստ նրա՝ լուսանկարներն առհասարակ կապված չեն ԼԳԲՏ-ի հետ, իսկ ծիածանը օգտագործվել է գեղարվեստական նկատառումներով։
«ԼԳԲՏ միջազգային շարժումը» 2023թ. նոյեմբերին ծայրահեղական ճանաչելուց հետո հայտնի է դարձել արդեն Ռուսաստանում մի քանի հետապնդումների մասին։ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում դատարանը 1 000 ռուբլի ուգանել է տեղի բնակչին սոցցանցերում ծիածանագույն դրոշի հրապարակման համար։
Հունվարի 31-ին Նիժնի Նովգորոդի դատարանը հինգ օրով ձերբակալել է Անաստասյա Երշովային գորտի տեսքով ծիածանագույն ականջօղերի համար։ Նրան սկսել են հետապնդել այն բանից հետո, երբ նրա ականջօղերով տեսանյութը հայտնվել է Վլադիսլավ Պոզդնյակովի Թելեգրամ-ալիքում, որը հայտնի է ֆեմ-ակտիվիստուհիների եւ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հետապնդմամբ։ Տեսանյութում անծանոթ տղամարդը փորձում է սրճարանում անհանգստացնել աղջկան եւ նրա ընկերոջը՝ ագրեսիվ կերպով պահանջելով հանել «արգելված սիմվոլիկան»։ Հաջորդ օրը Երշովային կանչել են հարցաքննության «Э» կենտրոնի աշխատակիցները։





























