Ալեքսեյ Նավալնին, ով գտնվում է Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Полярный волк թիվ 3 ուղղիչ գաղութում, 15 օրով ուղարկվել է պատժախուց: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Թե որն է եղել այս որոշման պատճառը, չի նշվում։

Վերջին անգամ քաղաքական գործչին պատժախուց են ուղարկել փետրվարի 1-ին, որտեղից նա դուրս էր եկել փետրվարի 11-ին։ Փետրվարի 14-ին նա կրկին մեկուսացվել է:

Նավալնին արդեն 27-րդ անգամ է ուղարկվում պատժախուց. «Ընդհանուր առմամբ, նա այնտեղ կանցկացնի 308 օր»,- հավելել է Յարմիշը։ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել էր այդ գաղութ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին։ Այդ գաղութի պատժախուց առաջին անգամ քաղաքական գործիչն ուղարկվել էր հունվարի 9-ին։ Պատժի պատճառն այն էր, որ «դատապարտված Նավալնին հրաժարվել է ներկայանալ ըստ կարգի, դաստիարակչական աշխատանքներին չի արձագանքել և իր համար պատշաճ եզրակացություններ չի արել»:

Մինչ այդ գաղութ տեղափոխվելը, Նավալնին եղել է Վլադիմիրի շրջանի ИК-6-ում։ Այնտեղ նրան 23 անգամ էին ուղարկել պատժախուց։