Հասարակական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարեկարգված» Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգուց լուսանկարներ։
Նա կից գրել է. «Լուսանկարներում հենց թաղապետարանի հարևանությամբ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարեկարգված», 40-ամյակի այգին է։
Այգով մեկ շաղ տված և հնարավոր բոլոր պուճախներում կուտակած շինաղբ, բաց լարեր, անդունդ տանող զբոսուղի, բաց հոսանքի կայան, չմշակված ծառեր, դեռևս չօգտագործված, բայց արդեն կոյուղի հիշեցնող լողավազան, նոր տեղադրված լուսավորության ձողերի մոտ կան նաև հները՝ փնթի ու վտանգավոր լարերով։
Իսկ խաղահրապարակը միտումնավոր վառել են անչափահաս երեխաները, որոնց ոստիկանությունը բացահայտել է ու, ինչքանով տեղյակ եմ, ծնողները պետք է փոխհատուցեն։ Բայց դե հո չպիտի՞ տարիներով սենց մնա։
Բարեկարգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով և արժեցել է 10-նյակ միլիոններ։
Երևանի քաղաքապետարան, առնվազն անհրաժեշտ է շինարարին ուղարկել իր շինաղբը հավաքելու ու թերությունները շտկելու։
Մնացածն էլ՝ Ձեր հայեցողությամբ»։




























