Վրաստանում բնակվող ռուսները բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժնի դիմաց՝ ի պատասխան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան, հայտնում է «Новости Грузия»-ն։

Մասնակիցները մի քանի ժամվա ընթացքում սոցցանցերի միջոցով հավաք են կազմակերպել, տասնյակ մարդիկ բաժնի մոտ են բերել Նավալնիի լուսանկարներն ու «Պուտինը մարդասպան է» գրությամբ պաստառներ։

Սկզբում հայտարարվել է բողոքի լուռ ակցիա, սակայն որոշ ժամանակ անց հավաքվածները սկսել են վանկարկել «Նավալնի», «Խաղաղություն Ուկրաինային, ազատություն Ռուսաստանին», «Մի՛ հանձնվիր», «Պուտինը՝ պատժախցում» և այլ կարգախոսներ։

Բողոքի ակցիա է ընթանում նաև Բաթումում։

Ալեքսեյ Նավալնին մահացել է այսօր՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Փետրվարի 14-ին նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:

Նավալնին 47 տարեկան էր։

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ թրոմբը պոկվել է։ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել Ալեքսեյին, սակայն չեն կարողացել։