Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Գարեգին Ա» հոգեւոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է բարերարներ Հայկ եւ Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Ճարտարապետն է Արտավազդ Նազարեթյանը: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ ժամանած Հայ առաքելական եկեղեցու պատվիրակություններ:
Ինչպես հայտնում են NEWS.am-ին Մայր Աթոռի մամլո կենտրոնից, կառուցվող շենքի հիմքերի օրհնությունից հետո ընթերցվեց այս առիթով կազմված հիշատակարանը, որում մասնավորաբար ասվում է.
«Այս կրթական կենտրոնը պիտի ծառայի եկեղեցականների եւ ուսուցիչների վերապատրաստության կարեւոր առաքելությանը, աստվածաբանական, եկեղեցագիտական եւ հայագիտական խորհրդաժողովների անցկացմանը: Կրթական կենտրոնի գործունեությունը կարեւոր ներդրում է լինելու նաեւ գիտության ասպարեզի զարգացման, նշանակալի նոր ձեռքբերումների արձանագրման գործում»:




























