Լոնդոնի Բրիտանական թանգարանում նորաձևության ցուցադրությունը՝ այնտեղ պահվող աթենական Պարթենոն տաճարի մարմարե քանդակների ֆոնին, վիրավորում է 2,5 հազար տարի առաջ ապրած հին հույն քանդակագործ և ճարտարապետ Ֆիդիասի այս գլուխգործոցները: Այս մասին ասված է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հայտարարության մեջ։

Նա հայտարարել է, որ բրիտանական թանգարանը, կազմակերպելով նորաձևության ցուցադրություն այն սրահներում, որտեղ ցուցադրվում են Պարթենոնի քանդակները, ևս մեկ անգամ ցույց է տալիս իր զրոյական հարգանքը Ֆիդիասի գլուխգործոցների նկատմամբ։

«Բրիտանական թանգարանի ղեկավարները գռեհկացնում և վիրավորում են ոչ միայն հուշարձանը, այլև այն համամարդկային արժեքները, որոնք այն փոխանցում է»,- ընդգծել է Մենդոնին։

Մշակույթի նախարարության ղեկավարի կարծիքով, Բրիտանական թանգարանի Դյուվին պատկերասրահում քանդակների ցուցադրության ու պահպանման պայմանները մշտապես վատթարանում են։

«Եկել է ժամանակը, որ քանդակագործական գլուխգործոցները, որոնք գողացվել են և որոմց վատ են վերաբերվում, փայլեն Ատտիկայի լույսի ներքո», - ասել է Մենդոնին: