Եվրոպան պետք է դադարի բողոքել Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին վերադառնալու հնարավորությունից և փոխարենը կենտրոնանա Ուկրաինային օգնելու վրա: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք պետք է վերջ տանք Թրամփի առիթով նվնվոցին, տնքտքոցին և փնթփնթոցին։ Դա ամերիկացիների որոշելիքն է: Ես ամերիկացի չեմ, չեմ կարող քվեարկել ԱՄՆ-ում։ Մենք պետք է աշխատենք պարահրապարակում գտնվողների հետ, ես վերջին մի քանի օրվա ընթացքում անընդհատ բողոքներ եմ լսում: Եկեք դադարենք դա անել»,- ասել է Ռյուտեն:

Վարչապետը կոչ է արել ավելի շատ ծախսել պաշտպանության վրա և մեծացնել զինամթերքի արտադրությունը ոչ միայն նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի սպառնալիքի պատճառով՝ նշելով, որ Ուկրաինային աջակցելը բխում է Եվրոպայի շահերից։ Նա ասել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ամերիկացի քաղաքական գործիչների հետ զրույցներից հետո զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված ԱՄՆ Կոնգրեսի կողմից օտարերկրյա գործընկերներին ռազմական օգնության նախագծի ընդունմանը։

Ռյուտեին համարում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդներից մեկը՝ Յենս Ստոլտենբերգի փոխարեն, որի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի հետ, նրա ժամկետն ավարտվում է հոկտեմբերին։