ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Վան Իի և Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին գրում է The New York Times (NYT) թերթը։

Ըստ հրապարակման, Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդներ  Սի Ծինփինը և Նարենդրա Մոդին, պետք է Ռուսաստանին հետ պահեն մի քայլից, «որը կարող է վերածվել աղետի»։

Երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ «ցանկացած միջուկային պայթյուն տիեզերքում կկործանի ոչ միայն ամերիկյան, այլև չինական և հնդկական արբանյակները»։

Փետրվարի 17-ին ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ արևմտյան երկրները կասկածում են Ռուսաստանին միջուկային տիեզերական զենք ստեղծելու մեջ, որը կարող է շարքից հանել մեծ թվով առևտրային և կառավարական արբանյակներ:

Փորձագետները հայտարարել են, որ նման զենքը կարող է ոչնչացնել փոքր արբանյակների խոշոր խմբավորումներ, ինչպիսին Starlink-ն է։