Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյանը բարկացավ, երբ իրենից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր վարած «Արի ամուսնանանք» հաղորդաշարը ճանաչվել «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հաղթող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «երեւի ռեյտինգը խայտառակ շատ է, դրա համար, երեւի սաղ նայում են, որ տենց բաներ են ասում, եթե չնայեին, ոնց էդպիսի բաներ կասեին»:
«Ե՞ս եմ հաղորդումը կազմակերպել, ե՞ս եմ հաղորդումը անում, համաշխարհային պրոյեկտ է, ինչի՞ եք ինձ զանգում, ինչի՞ եք ինձ հարցնում,զանգեք Հրաչիկին, զանգեք ATV, էդ հաղորդման ղեկավարներին, ովքեր էդ հաղորդումը անում են, ինձ ինչի՞ եք ասում: Ինձ ինչ ասում են, ես էլ անում եմ, ինչ ուզում եք գրեք, ես վաբշե թքած ունեմ»,- ասաց Սոֆի Դեւոյանը: Հարցին, թե «Աղբ եթերից» մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ սա ռուսական համանուն հաղորդաշարի անճաշակ կրկնօրինակումն է, նա նշեց, թե թող ասեն, թե ինչում է անճաշակությունը, թող ասեն, «մի տարբերությամբ` իրենց մոտ շոու է, մեզ մոտ իրական դեպքեր են»:
«Ես, երբ վարում եմ էդ հաղորդումը, ուզում եմ էդ ջահելներին մի բան սովորեցնեմ, ես խոսքի մեջ փիլիոփաների անուններ եմ տալիս, որ հասկանան ` ովքեր են, որ իրենք կարդան, կարողանան խոսել, իմ նպատակը դա է, որ երիտասարդները կարողանան խոսել, հասկանան`ինչն է կուլտուրան, գրականությանը, պատմությունը, ես խոսքի մեջ միշտ ինչ-որ ցիտատ եմ ասում»,- նշեց Սոֆի Դեւոյանը:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու եւ ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար: Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն հեռուստաընկերության ղեկավարությանը խնդրել է գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:




























