ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել է ճապոնական յակուձա մաֆիայի առաջնորդ Տակեշի Էբիսավային Իրանին միջուկային նմուշներ վաճառելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էբիսավան միջուկային նյութերի նմուշներ է ցույց տվել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալին։ Վերջինս ներկայացել է որպես թմրանյութերի և զենքի վաճառող, որը կապեր ունի Թեհրանի հետ։
Ըստ ԱՄՆ դատախազության՝ վտանգավոր նյութը Մյանմայից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Թայլանդ, ապա նմուշներն առգրավվել են։ Նյութերի վերլուծությունից պարզ է դարձել, որ դրանք պարունակում են ուրան և զենքի համար նախատեսված պլուտոնիում, որոնք օգտագործվում են միջուկային զենք ստեղծելու համար։
Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պաշտոնյաներն ասել են, որ Տակեշի Էբիսավան և նրա համախոհները վաճառել են թմրանյութեր, զենքեր և միջուկային նյութեր՝ հույս ունենալով, որ Իրանը դրանք կօգտագործի միջուկային զենք ստեղծելու համար:
Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ սա թմրանյութերի վաճառքով զբաղվողների այլասերվածության բացառիկ օրինակ է, ովքեր գործում են՝ լիովին անտեսելով մարդկային կյանքերը։





























