Հաջորդ շաբաթ նախատեսվող Եվրախորհրդարանի լիագումար նիստին առաջ ենք քաշելու բանաձև, ըստ որի մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը, վիզաների ազատականացման ծրագիրը: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը:
«Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ հայկական կողմն արել է ամեն ինչ՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները սկսելու համար, արդյոք խոչընդոտներ կան այս հարցում, նա պատասխանել է. «Ես կասեի, որ Եվրախորհրդարանը չէ, որ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացն արգելափակելու է, կամ՝արգելափակել է մինչ այժմ։ Բայց, ցավոք, խնդիրը Եվրոպական խորհրդում է։ Իհարկե, ձեր երկրի դեսպանները, ձեր դիվանագետները պետք է աշխատեն որոշակի անդամ պետությունների վրա:
Չեմ ուզում այդ երկրների անունները տալ այստեղ, բայց այդ արգելափակումը հաստատ չի լինի խորհրդարանում եվրոպացի քաղաքական գործիչների բարի կամքի բացակայությունը»:





























