Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող զինամթերքը սպառվում է, Կիևին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը, ինչի շուրջ Կոնգրեսը դեռ չի կարողանում համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Նրանց զինամթերքը վերջանում է: Ուկրաինան ԱՄՆ-ից հավելյալ մատակարարումների կարիք ունի, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի անողոք հարձակումներին», - ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի գրասենյակի կողմից:

Բայդենն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել «անվտանգության լրացուցիչ միջոցների մասին երկկուսակցական օրինագիծ ընդունել, քանի դեռ ուշ չէ»։