KAAN կործանիչի, Anadolu նավի, Akıncı, Kızılelma, ANKA անօդաչու թռչող սարքերի, Altay տանկի և հրթիռային զենքի տարբեր համակարգեր ունենալը Թուրքիայի համար գոյատևման խնդիր է, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաքարիայում հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։
Ըստ Էրդողանի՝ «եթե Թուրքիան և թուրք ժողովուրդը ակնկալում են ապրել խաղաղ և անվտանգ իրենց հողերում, ապա հետագա աշխատանքը շատ պարզ է»։
«Մենք կունենանք հզոր բանակ և հզոր ռազմարդյունաբերական համալիր (MIC)»,- ասել է Էրդողանը։
«Հակառակ դեպքում, ոչ միջազգային իրավունքը, ոչ դաշինքները, որոնց մենք պատկանում ենք, ոչ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը), որի անզորությունն այժմ ճանաչված է բոլորի կողմից, չեն կարողանա պաշտպանել մեզ մեր թշնամիներից: Միակ բանը, որ կպաշտպանի մեզ մեր թշնամիներից, մեր սեփական ուժն է, մեր սեփական հնարավորություններն ու կարողությունները»,- հավելեց նա։
Անցած 21 տարիների ընթացքում Թուրքիան «սկսել է քաղել իր ներդրումների օգուտները» պաշտպանության ոլորտում՝ ինչպես անվտանգության, այնպես էլ արտահանման ոլորտում, ասել է նա։
Անցյալ տարի պաշտպանության և օդատիեզերական զենքի վաճառքը հասել է ռեկորդային 5,5 միլիարդ դոլարի: «Թուրքիան իր արտադրանքի 230 տեսակ է արտահանել 185 երկիր», - ասել է նա։





























