ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, փոստով նամակ է ստացել՝ անհայտ փոշու պարունակությամբ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Daily Beast ամերիկյան պարբերականը՝ հղում կատարելով քաղաքական գործչի ներկայացուցչին։
Թրամփ-կրտսերի ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններն առայժմ չեն պարզել, թե կոնկրետ ինչ կար նամակում, բայց հայտնել են, որ փոշին «մահացու վտանգավոր» չէ։
Ինչպես նշել է պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին, քաղաքական գործիչը բացել է նամակը Ֆլորիդայի իր տանը, ինչից հետո սպիտակ փոշին ցրվել է սենյակով մեկ։ Թրամփ-կրտսերի տան մոտ, ինչպես նշել է The Daily Beast-ը, նկատվել են հրշեջ մեքենաներ եւ պաշտպանական բաճկոններ հագած մարդիկ։





























