ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է եւ իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով»։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով իսրայելյան եւ ամերիկյան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Սինվարը «թաքնվում է թունելներում» եւ «իրեն շրջապատել է պատանդների կենդանի վահանով», որպեսզի խանգարի իրեն բռնելու եւ վերացնելու Իսրայելի գործողությանը։ Ինչպես նշել են պաշտոնյաները, նրա գտնվելու վայրը դժվար չէ հայտնաբերել։ Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը թունելների ցանցում է իր հայրենի Խան Յունիս քաղաքի տակ։
Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, Սինվարի չեզոքացումը կարող է հանգեցնել պատանդների մահվանը եւ վիրավորվելուն, ինչը կզրոյացնի փոխանակման մասին պայմանավորվածություններին ուղղված ջանքերը։ «Խոսքն այն մասին չէ, որ պարզվի նրա գտնվելու վայրը, այլ այն մասին, որ ինչ-որ բան արվի այս հարցում՝ չվտանգելով պատանդների կյանքը»,- ասել է իսրայելցի պաշտոնյան անունը չնշելու պայմանով։
Իսրայելի ներկա եւ նախկին պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ հրեական պետությունը չի ավարտի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, քանի դեռ Սինվարը չի բռնվել, սպանվել կամ, գոնե, չի կարողանա ղեկավարել արմատական շարժումը։





























