Եվրոպական մի շարք երկրներ աջակցում են Եվրոպայի սահմաններից դուրս Ուկրաինայի համար արկեր գնելու Չեխիայի վարչապետի գաղափարին։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի աջակցման ոչ պաշտոնական գագաթաժողովի մասնակիցները, որը սկսվել է երկուշաբթի, Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, տեղեկացրել է Le Monde-ը։
Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան հայտնել է, որ 15 երկրներ պատրաստ են միանալ իր պետության նախաձեռնությանը, որը նպատակ ունի լուծել զինամթերքների, մասնավորապես՝ արկերի անբավարարության խնդիրը Ուկրաինայի համար։
«Չեխական նախաձեռնությունը աջակցություն է գտել մի քանի երկրների կողմից»,- ասել է Ֆիալան Փարիզում հանդիպումից հետո՝ ավելացնելով, որ «դա շատ ուժեղ ազդանշան է Ռուսաստանի համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ չեխական առաջարկը համապատասխանում է ԵՄ քաղաքականությանը, եւ հայտարարել է, որ Փարիզը կմիանա նախաձեռնությանը։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեն հայտնել է, որ իր երկիրը կհատկացնի ավելի քան 100 մլն եվրո չեխական պլանի իրականացման համար, եւ որ «այլ երկրներ կմիանան»։
«Ինչ վերաբերում է զինամթերքներին, Ուկրաինայի համար ամբողջ աշխարհում զինամթերքներ եւ արկեր գնելու չեխական առաջարկը շատ լավ նախաձեռնություն է»,- նշել է Ռյութեն։ Նա հրաժարվել է նշել, թե հատկապես որ երկրները կարող են Եվրոպայի սահմաններից դուրս ներգրավվել այդ զինամթերքների արտադրությանը։ «Դա գաղտնիք է»,- ասել է նա։
Մի քանի երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան, ստորագրել են անվտանգության մասին երկկողմ համաձայնագրեր Կիեւի հետ վերջին շաբաթների ընթացքում։ ԵՄ-ն փորձում է կատարել իր պարտավորություններն Ուկրաինայի առջեւ, հատկապես արկերի մատակարարման մասով։
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, որը նույնպես ներկա էր Փարիզում, հավաստիացրել է, որ ԵՄ պաշտպանության նախարարները «հաջորդ տասն օրերի ընթացքում կներկայացնեն կոնկրետ պլան զինամթերքների պատվիրման խթանման մասին, պաշտպանելու համար ուկրաինացի ժողովրդի ռազմական ջանքերը»։





























