Արարատի մարզի Մասիս քաղաքում, նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Հայփոստի» Մասիսի մասնաճյուղի եւ 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից, արարողությանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը:
Քաղաքապետ Նազարյանը ելույթում նշել է, որ «Հայփոստ»-ը վերածնունդ է ապրում: Նա շնորհակալագիր է հանձնել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին` առ այն, որ Մասիսի փոստային մասնաճյուղի եւ 01 բաժանմունքի նորացումն եւ արդիականացումը կատարվել են գերազանց:
«Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման վարչության ղեկավար Նարինե Սեֆերյանն ասել է, որ ներկայումս «Հայփոստ»-ը մարզերում իրականացնում է մեծածավալ աշխատանքներ, իսկ վերաբացված մասնաճյուղը ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին է համապատասխանեցվել։ Նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:
Նշենք, որ «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:




























