Այս տարվա անցած 9 ամսիների ընթացքում, Լոռիի մարզում, ընդհանուր առմամբ գրանցվել են տարերային բնույթի մոտ 60 արտակարգ դեպքեր, որոնց ուղիղ 50 տոկոսը միայն 3-5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: Դրանք, սակայն, զգալի վնասներ չեն հասցրել մարզի բնակավայրերին ու արտահայտվել են միայն ցնցումների տեսքով: Անցած տարվա ամբողջ կտրվածքով, Լոռիում գրանցված է եղել այս ուժգնության թվով 53 երկրաշարժ:
Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ տարերային բնույթի աղետներից հենց երկրաշարժերն են մեծ թիվ կազմողը: Բացի երկրաշարժերից, 2011-ին մարզում արձանագրվել են նաեւ ձնաբքի, ուժեղ քամիների ու գետի մակարդակի բարձրացման 3-ական դեպքեր, որոնցից վերջինի դեպքում, Փամբակ գետի վարարման հետեւանքով, ջրերը քանդել են 2008-ին շահագործման հանձնված Նոր Խաչակապ համայնքի կամրջի հենապատերը, այն դարձնելով վթարային: Նույնատիպ վիճակ է ստեղծվել նաեւ նշված գյուղի միակ շրջանցիկ ճանապարհի` Ղուրսալ համայնքում գործող կամրջի համար:
Այլ տարերային բնույթի աղետներից մարզում գրանցվել են հորդառատ անձրեւների ու սելավների` 9-ը, կայծակահարության` 2, կարկուտի 6 դեպքեր: Ընդ որում, նշված 2 կայծակահարության դեպքերից առաջինի արդյունքում մարզի Ծաղկաբեր համայնքում սատկել են թվով 20 ոչխարներ, իսկ երկրորդի դեպքում, հունիս ամսին, կայծակի հարվածի հետեւանքով, Լեջան գյուղում մահացել է նույն գյուղի բնակչ 27-ամյա Մայիս Մարանդյանը: Իսկ կարկտահարության կազմած նյութական վնասը մարզի 12 համայնքների համար կազմում է շուրջ 457 միլիոն 100 հազար դրամ գումար: Նշենք նաեւ, որ քարաթափման դեպքերը մարզում կիսով չափ նվազել են, անցած տարվա 4-ի փոխարեն այս տարի կազմելով 2-ը:


























