Մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը համալրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նա նշեց, որ Թամարա Պողոսյանը մոտ մեկ ամիս առաջ է դարձել ԲՀԿ անդամ եւ նշանակվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական: Ինչ վերաբերում է նրա մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա մամուլի քարտուղարը նշեց, որ ընտրությունների հարցը դեռ չեն քննարկել:
Մենք անընդհատ փորձում էինք կապվել Թամարա Պողոսյանի հետ` ճշտելու, թե ինչ նպատակով է նա դարձել կուսակցական եւ այլ հարցեր, բայց նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Ուշագրավ է, որ հունիսի 23-ին Թամար Պողոսյանը, մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` մշակութային գործիչների հետ հանդիպմանը: «Ինֆորմացիան ճիշտ պետք է մեկնաբանել, մշակութային գործիչների հավաք էր, որպես մշակութային կազմակերպության ղեկավար` ինձ էլ էին հրավիրել, քննարկվել էին մշակույթին վերաբերող հարցեր, ընդամենը դա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր նա: Այդ ժամանակ, սակայն, նա ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունը, որ իրեն կարելի է ապագայում տեսնել ԲՀԿ-ի շարքերում: «Ես ոչինչ չեմ ասում»,- ասել էր նա:
Դեռ այն ժամանակ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը մշակութային գործիչների հետ հանդիպմանը, որին ներկա են եղել Ռոբերտ Ամիրխանյանը, Ջիվան Գասպարյանը, Վանուշ Խանամիրյանը եւ այլք, խոստացել է 100 միլիոն դրամ տալ մշակույթի գործիչներին: Հարցին, թե Թամար Պողոսյանին է՞լ են գումար խոստացել, նա պատասխանել էր. «Ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ով գրել է, իրեն հարցրեք»:
Իր վերջին ասուլիսներից մեկում, խոսելով իր կուսակցական պատկանելիության մասին, նախկինում ՕԵԿ-ական Թամար Պողոսյանն ասել էր, որ այժմ մտադիր չէ մտնել որեւէ կուսակցության մեջ, ուզում է հանգստանալ, բայց նաեւ չէր հերքել, որ ապագայում իրեն կարող ենք տեսնել եւ քաղաքականության, եւ մշակույթի ոլորտներում:Նշենք, որ Թամար Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու մեջ, այնուհետեւ` հայտարարել էր աշխատանքից ազատվելու իր ցանկության մասին։ Թամար Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր են հնչել նաեւ Սփյուռքի նախարարությունից: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դատի է տվել Թամար Պողոսյանին` իր պատիվը, արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու համար:




























