Միացյալ Նահանգներն օգնություն է ցուցաբերում Ուկրաինային այդ թվում եւ այն առումով, որ այդ գործունեությունը նպաստում է Չինաստանի զսպմանը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք շարունակել աջակցել Ուկրաինային այն հակամարտությունում, որի հետեւանքները դուրս են գալիս Ուկրաինայի եւ եվրոպական անվտանգության սահմաններից։ Ուկրաինային աջակցության շարունակումը ոչ միայն չի կատարվում Չինաստանի զսպման հաշվին, այլեւ իսկապես օգնում է զսպել Չինաստանին։ Լինի Թայվանի, Հարավչինական ծովի կամ մեկ այլ կետում»,- ասել է ԿՀՎ տնօրենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի լսումներում։
«Մեր գնահատմամբ՝ [Չինաստանի նախագահ] Սի Ծինփինը սթափվել է։ Մանավանդ այն բանից, ինչ տեղի ունեցավ պատերազմի առաջին տարում»,- նշել է Բյորնսը՝ մեկնաբանելով Ուկրաինայի եւ նրա շուրջ իրավիճակին Պեկինի արձագանքի վերաբերյալ հարցին։ Նրա կարծիքով՝ Սի Ծինփինը այսպիսի գործողություններ չէր սպասում, որոնք ձեռնարկեց Արեւմուտքը, եւ առաջին հերթին ԱՄՆ-ն։
Եթե Վաշինգտոնը չվերսկսի զենքի ու ռազմական տեխնիկայի մասշտաբային մատակարարումները Կիեւ, Արեւմուտքը կբախվի հետեւանքների ինչպես Եվրոպայում, այնպես էլ «Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների բոլոր տարածաշրջաններում», համոզված է Բըրնսը։ Ըստ նրա, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Ուկրաինայի հետագա աջակցությունից, կուժեղանան ոչ միայն կասկածներն ԱՄՆ անհուսալիության մասին դաշնակիցների շրջանում, այլեւ «չինական ղեկավարության հավակնությունները», որոնք վերաբերում են Թայվանին եւ Հարավչինական ծովին։
ԿՀՎ ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ «հենց նոր» Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո 10-րդ այցն է կատարել Ուկրաինա։ Որեւէ մանրամասն Բըրնսը չի նշել։





























