Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար, երկրորդ մարդը Վատիկանում), կարդինալ Պյետրո Պարոլինը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, դիմել է հակամարտության երկու կողմերին։
«Ակնհայտ է, որ դիվանագիտական կարգավորման համար պայմանների ստեղծումը կախված է հակամարտության ոչ թե մեկ, այլ երկու կողմերից։ Եվ առաջին պայմանը ագրեսիան ավարտելն է։ Չպետք է մոռանալ այն համատեքստի, այն է՝ այն հարցի մասին, որը տրվել է պապին, որին ի պատասխան նա խոսել է բանակցությունների մասին, որոնք երբեք կապիտուլյացիա չեն նշանակում»,- ասել է կարդինալը Corriere della Sera թերթի հարցազրույցում։
«Սուրբ Աթոռը հետեւում է այս գծին եւ շարունակում հրադադարի կոչ անել, իսկ դա առաջին հերթին ընկած է նրանց վրա, ովքեր հարձակվել են։ Հռոմի պապը բացատրում է, որ բանակցություններ վարելը նշանակում է ոչ թե թուլություն, այլ, հակառակը, ուժ, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ պետք է ավելի շատ մտածել մարդկային կյանքերի մասին, որոնք զոհվում են այս պատերազմում Եվրոպայի սրտում»,- ասել է կարդինալը։ Նա նաեւ նշել է, որ այս խոսքերը վերաբերում են թե՛ Ուկրաինային, թե՛ Սուրբ հողին, թե՛ ցանկացած այլ հակամարտության։





























