Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները 12 անօդաչուներ են խոցել մարտի 12-ի գիշերը եւ որսացել 25 ուկրաինական անօդաչուներ Ռուսաստանի յոթ մարզերում, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

ՏԱՍՍ-ը գրել է, որ ՌԴ ՊՆ-ն հաստատում է, որ խփվել են անօդաչուներ Մոսկվայի (2 դրոն), Լենինգրադի (1), Բելգորոդի (7), Կուրսկի (11), Բրյանսկի (1), Տուլայի (1) եւ Օրյոլի (2) մարզերում։ Անօդաչուների գրոհների մասին տեղեկացրել են նաեւ Նիժնի Նովգորոդի եւ Վորոնեժի մարզերի իշխանությունները։

Անօդաչուների գրոհից հետո հրդեհ է սկսվել Նիժնի Նովգորոդի Կստովո քաղաքի վառելիքաէներգետիկ համալիրում, նշել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Baza Թելեգրամ-ալիքը գրել է, որ հրդեհ է սկսվել «Լուկօյլի» նավթաբազայում։ «112»-ը նշել է, որ դրոնն ընկել է նավթամղման սարքավորման վրա։ «Լուկօյլում» տեղեկացրել են, որ սարքավորման աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Հրդեհի մարմանը մասնակցում է հրշեջ գնացքը։

Անօդաչուներից մեկը գրոհել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտը, հայտնել է Օրյոլի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։ Հրդեհվել է նավթաբազան։ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով մարզի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցչին, գրել է, որ այրվում է  նավթի պահեստարանը։ Մարդիկ չեն տուժել, նշել է նահանգապետը։ Երկու բազմաբնակարան տներից տարհանվել է 17 մարդ, նշել է Օրյոլի նահանգապետ Յուրի Պարախինը։

Բելգորոդի մարզում առանց լույսի են մնացել յոթ գյուղեր, տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Վնասվել է նաեւ Նովայա Տավոլժանկա գհուղի էլեկտրագիծը։ Շեբեկինո քաղաքում դրոնի ընկնելու հետեւանքով կոտրվել են բազմաբնակարան երկու տների ապակիները, տուժել է մի կին, գրել է Գլադկովը Թելեգրամ-ալիքում։

ՊՆ-ն մարտի 12-ի առավոտյան հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Բելգորոդի մարզում խփել են «Точка-У» մեկ հրթիռ եւ RM-70 Vampire  համակարգի ութ արկ։ Գլադկովի խոսքով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ քաղաքի վրա սլացող անօդաչուն խփվել է Ռամենսկի քաղաքային օկրուգում։ Դրոնի ընկնելու տեղում, նախնական տվյալներով, ավերածություններ եւ տուժածներ չկան։ Ավերածություններ եւ տուժածներ չկան նաեւ Լենինգրադի, Բրյանսկի, Վորոնեժի մարզերում, հայտնել են տեղի իշխանությունները։ Կորսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը գրոհների հետեւանքների մասին դեռ չի տեղեկացրել ու նշել է անօդաչուներին խփելու մասին։