Հաիթիի վարչապետ Արիել Անրին կհեռանա պաշտոնից անցումային քաղաքական շրջանի շրջանակում, իշխանությունը երկրում ժամանակավորապես կտրվի անցումային նախագահական խորհրդին, հայտնել է Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Յամայկայում ընթացած միջազգային բանակցություններից հետո։

«Ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհին անհրաժեշտ է երաշխավորել, որ Հաիթին կկառավարվի օրենքի գերակայության սկզբունքի համապատասխան։ Մենք ընդունում ենք վարչապետ Արիել Անրիի հրաժարականը՝ անցումային նախագահական խորհուրդ ստեղծելու եւ ժամանակավոր վարչապետ նշանակելու համար»,- ասել է Ալին մամուլի ասուլիսում։

Հռչակագիրը, որի կազմմանը մասնակցել են Հաիթիի, Կարիբյան պետությունների միավորման, ԱՄՆ, Կանադայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները, նշում է անցումային նախագահական խորհրդի ստեղծման մասին՝ կազմված ձայնի իրավունք ունեցող յոթ անդամից եւ առանց ձայնի իրավունքի երկու դիտորդից։

Հաիթիի անցումային նախագահական խորհուրդը ժամանակավորապես կիրականացնաի մի շարք նախագահական լիազորություններ՝ գործելով ձայների մեծամասնությամբ, ընտրել եւ նշանակել ժամանակավոր վարչապետ, նախարարների ներառական խորհուրդ։