«Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան մերժել է Վրաստանի իշխանությունների պահանջը Միխայիլ Սաակաշվիլու ժամանակների պաշտոնյաներին հանձնելու վերաբերյալ, որոնք այժմ աշխատում են Ուկրաինայի իշխանությունում։ Այս մասին նա գրել է իր Թելեգրամ-ալիքում։

«Վրաստանի կրեմլամետ իշխանությունը ինչ-որ նոր պահանջներ է ներկայացնում մեր քաղաքացիներին հանձնելու մասին՝ «հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Արախամիան։

Նա ավելացրել է, որ իսկական «կարգավորման» համար Վրաստանը պետք է բանտից արձակի եւ վերադարձնի Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլուն, դադարեցնի ուղիղ ավիակապը ՌԴ-ի հետ եւ չօգնի Ռուսաստանին՝ խուսափել պատժամիջոցներից։

«Այդ ժամանակ էլ հարաբերությունների կարգավորումը հեշտ կընթանա»,- ամփոփել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը։

Երկուշաբթի Վրաստանի կառավարությունը հայտնել էր, որ  «հարաբերությունների կարգավորման» համար Ուկրաինայի իշխանությունը պետք է Վրաստանին հանձնի «այն հանցագործներին, որոնք այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում նրա վարչակազմում»։

Նրանց մեջ հիշատակվել է Զուրաբ Ադեիշվիլին՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարարը, որն այժմ աշխատում է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, եւ Գեորգի Լորտկիպանիձեն, որին ներկայիս Թբիլիսին մեղադրում է Միխայիլ Սաակաշվիլու կողմից պետական սահմանն անօրինական ձեւով հատելու հանցակցության մեջ։

Վրաստանի իշխանությունները քանիցս փորձել են Ադեիշվիլու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Վերջերս նրանց զայրացրել էր նրա ներկայությունը գերմանական Բունդեսթագում՝ Ուկրաինայի պատվիրակության կազմում։