ՌԴ Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետեւանքով 16 մարդ է զոհվել, հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։

«Այսօր Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Սեվերնի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ։ Անձնակազմը այրվող ինքնաթիռը հեռու է տարել Պոդտալիցի գյուղի բնակելի շենքերից։ Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Ինքնաթիռում եղել է 16 մարդ։ Նրանցից 5-ը Օրենբուրգի 117-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գնդի օդաչուներ են։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Նրանք հավերժ կմնան մեր հիշողության մեջ, մեր սրտերում»,- գրել է Սալմինը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Իվանովոյի մարզում պլանային թռիչքի ժամանակ։