Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Պետդումայում իր աղբյուրին։
«Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին Դուման կքննարկի կառավարության ղեկավարի նշանակման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ «ՌԴ նախագահական ընտրությունների մասին» օրենքի համաձայն՝ երդմնակալությունը տեղի է ունենում նախորդ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից վեց տարի անց։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 7-ին։
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը նախագահական ընտրություններ է նշանակել մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Փետրվարի 25-ին Ռուսաստանում մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը հեռավոր և դժվարամատչելի վայրերում, ինչպես նաև նավերի վրա, որոնք այդ օրը նավարկության են լինելու:
Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար պայքարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։





























