Ստոկհոլմի ոստիկանությունը երկրորդ օրն անընդմեջ բռնի ուժով հեռացրել է բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա մի քանի այլ գործընկերների, որոնք հավաքվել էին բնապահպանական ակցիայի համար և փակել խորհրդարանի մուտքերը, գրում է Aftonbladet թերթը։

Ցույցն անցկացվել է երրորդ անգամ։ Ակտիվիստները նստել են շենքի մոտ և հրաժարվել են հեռանալ։ Նրանցից մի քանիսին, այդ թվում՝ Թունբերգին, ոստիկանությունը մի կողմ է քաշել, ինչպես նախորդ օրը։

Մամուլի հաղորդագրության մեջ ակտիվիստների խումբն ասում է, որ ցույցն անցկացվել է «ցույց տալու, որ մարդիկ այսօր մահանում և վիրավորվում են կլիմայական աղետների, պատերազմի և ռեսուրսների անհավասար բաշխման հետևանքով»: Ոստիկանության տվյալներով՝ ակտիվիստները ցույցի թույլտվություն չեն ստացել, և միջադեպը հասարակական կարգի կանոնների խախտում է։

Նախկինում Թունբերգը երկու անգամ տուգանվել էր նավթային նավահանգստում ցույցերի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար։