Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի այսօր ընդունած բանաձեւում ասվում է, որ եվրոպական կառույցի կարծիքով, եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ժամանակը։
Փաստաթղթում Եվրախորհրդարանը ճանաչում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև մարդկանց միջև շփումների չօգտագործված ներուժը և կոչ է անում ճանաչել Հայաստանի առաջընթացը վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործում»:
Նշվում է նաև, որ Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրի կնքումը, որը թույլ կտա գործառնական անձնական տվյալների փոխանցումը Եվրադատարանի և Հայաստանի իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության շրջանակներում, ընդգծում է «Հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա խորացումը և Միության անվտանգության պաշտպանությունը՝ հանուն փոխադարձ շահի»:
Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։
Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 504, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 32 պատգամավոր։





























