«Արտաքին պարտքի տեսանկյունից, Վրաստանն այլ երկրների համեմատ, բավականին շահավետ դիրք է գրավում: Այս մասին հայտարարել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Էդվարդ Գարդները, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի գնահատմամբ, այսօր Վրաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 40 տոկոսը:

«Վրաստանի արտաքին պարտքը բավականին շատ է, սակայն դրական կողմն այն է, որ Վրաստանն իր պարտքերը վերցրել է տարբեր միջազգային ինստիտուտներից եւ կախված չէ որեւէ կոնկրետ երկրի շուկայից: Պարտքի առկայությունը չի նշանակում, որ Վրաստանում ճգնաժամ է, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս հանգամանքին»,-նշել է Գարդները: