Ճապոնական փորձագետները նոյեմբերի 10 -ին ներկայացրել են Երեւանի սեյսմիկ ռիսկերի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ ջանքերով, Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում. այն 2 տարվա համար է հաշվարկված:
Ինչպես նախկինում տեղեկացվել է, ծրագիրը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին: Ռիսկերի գնահատականները տրվել են մի քանի կողմերից, այդ նպատակով խմբում ներգրավվել են տարբեր մասնագետներ, ընդհանուր թվով խմբում մոտ երկու տասնյակ մասնագետներ կան:
Առաջին փուլում կատարվել է հիմնական նյութերի ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքում, Երեւանի հողի ուսումնասիրություն, հողի վերին շերտի քարտեզագրում, տվյալների բազաների ծրագրի մշակում, շենքերի վիճակի, տրանսպորտային համակարգի մասին տվյալների հավաքագրում:
Ծրագրի նպատակն է Հայաստանում սեյսմիկ ռիսկերի գնահատումը, սեյսմիկ ռիսկերի կառավարման ծրագրի ստեղծումը, ինչպես նաեւ տեխնոլոգիաները հայկական կառույցներին փոխանցելը:



























