Երիտասարդական համահայկական հիմնադրամում, այսօր` նոյեմբերի 10-ին, մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջիններս կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախնական եւ միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները եւ մասնագիտական կարողությունները:

Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը եւ խթանել սոցիալական գործընկերության ամրապնդմանը:

Օլիմպիադայի շրջանակներում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղծագործ», եւ «դերձակ-մոդելավորող»  որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» եւ այլ որակավորում ստացած ուսանողների կողմից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցում են 90 ուսանողներ՝ 21 մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններից: