«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մարմինների նույնականացումը շարունակվում է։ Մինչ այժմ ահաբեկչության վայրում հայտնաբերվել է 137 մարդու մարմին, որոնցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ դեպքի վայրի հետաքննությունը շարունակվում է։ Ներկա դրությամբ ճանաչվել է 62 մարմին։ Մնացած զոհերի ինքնությունը պարզելու համար գենետիկական փորձաքննություններ են կատարվում։

«Դեպքի վայրի զննության ընթացքում ականապատ մարմիններ կամ ականապատման այլ հետքեր չեն հայտնաբերվել։

Ողբերգության վայրից առգրավվել է 4 լրակազմ մարտական ​​զինամթերք, ավելի քան 500 փամփուշտ և 28 պահունակ, 2 «Կալաշնիկով» ինքնաձիգ, որոնցով զինված են եղել հարձակվողները։

Բրյանսկի մարզում կասկածյալների ձերբակալման ժամանակ Renault մեքենայում հայտնաբերվել և առգրավվել է Մակարով ատրճանակ և Կալաշնիկով ինքնաձիգի պահունակ։ Առգրավված զենքի համար նշանակվել են անհրաժեշտ համալիր փորձաքննություններ։

Ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողների հետ կատարվում են քննչական գործողություններ։ Մոտ ժամանակներս ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները միջոցներ կձեռնարկեն չորս կասկածյալների նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոց ընտրելու համար»,- հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ տուժողների հետ կատարվում են քննչական գործողություններ։ Աշխատանքներ են սկսվել ահաբեկչության օրը համերգային համալիրում գտնվող մարդկանց անձնական իրերի, փաստաթղթերի ու մեքենաների հանձնման ուղղությամբ։