Իրավիճակն ԱՄՆ հարավային սահմանին սպառնալիք է ազգային անվտանգության համար, քանի որ միգրանտներին բռնելու դեպքերի թիվը 2024 ֆինանսական տարվա սկզբից (ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերից) արդեն մոտենում է 1 մլն-ին։ Այս մասին CBS News-ի հարցազրույցում պատմել է ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության ղեկավար Ջեյսոն Օուենսը։

«Դա սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Սահմանի անվտանգությունը ազգային անվտանգության կարեւոր մասն է։ Եթե մենք չգիտենք, թե ով է հայտնվում մեր երկրում, մենք չգիտենք նրանց մտադրությունների մասին։ Դա սպառնալիք է, եւ նրանք օգտագործում են այդ խոցելիությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ միայն վերջին կես տարում սահմանային պարեկը գրանցել է մոտ 1 մլն միգրանտի ձերբակալում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին, իսկ այս տարվա սեպտեմբերին այդ թիվը կարող է կրկնապատկվել։ «Դա մեծ թիվ է, բայց այն, ինչն ինձ չի թողնում քնել գիշերները, այն 140 հազարն են, որոնց հաջողվել է թաքնվել։ Եվ դրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին մեզ հայտնի է»,- ավելացրել է Օուենսը։