Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասում երթի ժամանակ իր դեմ մահափորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Դիեգո Իբարրա հրապարակում ցույցի ժամանակ Մադուրոն ասել է, որ երթի ժամանակ ձերբակալել են զենքով երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին հարձակվել իր վրա։
«Նրանք արդեն հայտարարել են, որ ծայրահեղ աջ ֆաշիստական «Վենտե Վենեսուելա» կուսակցության անդամներ են և բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ գաղտագողի հայտնվել են այստեղ՝ երթի մեջ: Նրանք մերկացվել են, խոստովանել են»,- ասել է նա։
Մարտի 14-ին երկու վենեսուելացի ձերբակալվել էին Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։ Միաժամանակ հունվարին երկրում ձերբակալվել է ընդդիմության 32 անդամ՝ ԱՄՆ-ի օգնությամբ Մադուրոյի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։





























