Լեհաստանը պետք է մտածի պարտադիր զինվորական ծառայություն մտցնելու մասին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեւերան YouTube-ալիքի This Is IT — Maciej Kawecki եթերում։

Սեւերայի կարծիքով՝ Լեհաստանը պետք է սկսի բանավեճ պարտադիր զինվորական ծառայության մասին։ Նա ընդգծել է, որ զինվորական ծառայությունը կարող է կապված լինել ոչ միայն շարային պատրաստվածության, այլեւ աշխատանքի հետ լոգիստիկայի ոլորտում եւ կիբեռտարածքում։

«Ես չեմ հասկանում, թե ինչու է մեզ համար այս բանավեճը դժվար»,- ասել է բյուրոյի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ լեհ լինել չի նշանակում փախչել երկրից ռազմական հակամարտության դեպքում։ Պաշտոնյան նաեւ նշել է, որ ռազմական դրություն սկսվելուց հետո զինապարտության տարիքի տղամարդկանց ելքը երկրից կդժվարացվի։

Ավելի վաղ այժմ Լեհաստանը զինվորական պայմանագրեր է կնքել ավելի քան 7 մլրդ դոլարի չափով։ Լեհական բանակը նախատեսում է ծախսել եւս 2 մլրդ դոլար տեղի ենթակառուցվածքի պատրաստման վրա։