Մալավիի խորհրդարանն օրինականացրել է երկրում թունդ մարիխուանայի տեղական տեսակի աճեցումը՝ արդյունաբերական և բժշկական նպատակներով:

Ըստ Bloomberg գործակալության՝ աֆրիկյան այս երկրի կառավարությունը արտոնագրեր կտրամադրի մարիխուանայի աճեցման և փոխադրման համար, սակայն Մալավիում  կպահպանվի մարիխուանայի ազատ օգտագործման արգելքը։ Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ, ի նշան բողոքի, քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը:

2020 թվականին Մալավիի իշխանություններն ագարակատերերին թույլ տվեցին մարիխուանայի արդյունաբերական տեսակներ աճեցնել, սակայն դրանք  համաշխարհային շուկայում անհրաժեշտ պահանջարկ չունեցան։ Պատգամավորներն այժմ հանել են տեղական թունդ՝ «չամբա» տեսակի մարիխուանայի աճեցման արգելքը:

Մալավիում հույս ունեն, որ մարիխուանան կփոխարինի ծխախոտին՝ որպես աֆրիկյան երկրի հիմնական արտահանվող մշակաբույս: Ներկայում համաշխարհային շուկայում ծխախոտի վաճառքը ապահովում է երկրի արտարժութային ընդհանուր եկամուտի 60%-ը։ Այդուհանդերձ, վերջին տարիներին, ծխախոտի պահանջարկի անկմանը զուգահեռ, Մալավիի բյուջեն սկսել է լուրջ ճեղքվածք տալ։