Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։ Այս մասին հայտարարել է հենց ճապոնական դեղագործական ընկերությունը։
Ընկերության խոսքով՝ նախորդ օրը մահացածի հարազատները կապվել են իրենց հետ հետ և հայտնել, որ նա կարմիր բրնձի մզվածքով հավելում է ընդունում։ Ներկայումս ընկերությունը կապ է հաստատում մահվան պատճառների և սննդային հավելումների օգտագործման միջև: Այս դեպքը մահացու ելքով հինգերորդն էր։
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են։ Kobayashi Pharmaceutical-ը կասկածում է, որ հիվանդության և մահվան պատճառ կարող են լինել հավելումների բաղադրիչները, որոնք ի սկզբանե ներառված չեն եղել բաղադրության մեջ, բայց ինչ-որ կերպ հայտնվել են արտադրանքի մեջ: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նախատեսում է համապատասխան վերանայում իրականացնել սննդային հավելումների բաղադրության վերաբերյալ։
Ներկայումս այս սննդային հավելումների վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է։ Ճապոնական մի քանի ընկերություններ, որոնք իրենց արտադրանքում օգտագործում են կարմիր կոջի բրինձ, նույնպես հայտարարել են արտադրանքի հետկանչման մասին: Օրինակ՝ ալկոհոլային խմիչքներ արտադրող Takara Shuzo-ն հետ կկանչի մոտ 100 հազար շիշ Premium Rose գազավորված սակե։ Զեկուցվել է նաև, որ հետկանչման են ենթակա մի քանի տեսակի հացաբուլկեղեն, սոյայի սոուս, միսո մածուկ և այլ ապրանքներ։
Կոջի ֆերմենտներն ակտիվորեն օգտագործվում են Ճապոնիայում և ասիական այլ երկրներում ֆերմենտացված արտադրանքի արտադրության մեջ, ինչպիսիք են սոյայի սոուսը, բրնձի քացախը և միսո մածուկը: Այն նաև կարևոր բաղադրիչ է սակեի արտադրության մեջ, որը նաև որոշում է խմիչքի համը։ Կարմիր կոջի բրինձը պատրաստվում է հատուկ տեսակի բորբոսի ավելացումով, որը վերջնական արտադրանքին տալիս է իր գույնը։




























