Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի իշխանությունները բռնել են զինված տղամարդու, որին ոստիկանությունը կասկածում է Իսրայելի օգտին լրտեսության մեջ,տեղեկացրել է Reuters-ը։

Ոստիկանության գլխավոր տեսուչ Ռազարուդին Հուսայնը ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ 36-ամյա կասկածյալը, որի մոտ գտել են վեց ատրճանակ եւ 200 փամփուշտ, եկել է Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայան Արաբական Միացյալ Էմիրություններից՝ օգտագործելով, ըստ իշխանությունների, կեղծ ֆրանսիական անձնագիր։

Ըստ Ռազարուդինի՝ կասկածյալը հարցաքննության ժամանակ իսրայելական անձնագիր է ներկայացրել։ Նա իշխանություններին պատմել է, որ Մալայզիա է եկել, որպեսզի փնտրի Իսրայելի մեկ այլ քաղաքացու՝ ընտանեկան վեճի պատճառով։

Reuters-ի տվյալներով՝  ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք այդ մարդը իսրայելական հետախուզության աշխատակից է։

«Մենք այնքան էլ չենք վստահում այդ պատմությանը, քանի որ կասկածում ենք, որ նա կարող էր այլ նպատակ ունենալ»,- ասել է Ռազարուդինը։