ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գուտերեշը դատապարտում է երկուշաբթի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կազմակերպված մահացու հարձակումը։
Ըստ Դյուժարիկի հայտարարության՝ ՄԱԿ-ի ղեկավարը հաստատում է, որ դիվանագիտական և հյուպատոսական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի ցանկացած դեպքում՝ միջազգային իրավունքին համապատասխան:
«Ցանկացած սխալ հաշվարկ կարող է ավելի ընդլայնել հակամարտությունն առանց այն էլ փխրուն տարածաշրջանում, ինչը կործանարար հետևանքներ կունենա Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի բռնազավթված տարածքի և ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղ բնակիչների համար, որոնք արդեն իսկ աննախադեպ տառապանքների են ենթարկվում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հայտարարության մեջ:





























