Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան Իդ ալ-Ֆիթր տոնի առիթով ներում է շնորհել 1,5 հազար բանտարկյալների։ Տոնը Մերձավոր Արեւելքի երկրների մեծ մասում նշվում է չորեքշաբթի։
Ինչպես տեղեկացրել է BNA գործակալությունը, ներման հրամանագիրը տարածվում է 1 584 մարդու վրա՝ այդ թվում դատապարտված նաեւ անկարգություններին մասնակցելու համար։ «Թագավորական ներումը թելադրված է Նորին մեծության ցանկությամբ՝ պահպանել Բահրեյնի հասարակության համախմբվածությունն ու ամրությունը, ինչպես նաեւ աշխատել նրա սոցիալական կառույցի պաշտպանության ուղղությամբ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Բահրեյնի իրավունքի եւ դեմոկրատիայի ինստիտուտը, որը հասարակական կազմակերպություն է եւ տեղակայված է Լոնդոնում, հայտնել է, որ ներման արժանացած բանտարկյալների մեջ, հավանաբար, կլինեն 2011թ. ցույցերի մասնակիցները, երբ երկրում սկսվեց հիմնականում շիա ընդդիմության եւ սուննի թագավորական ընտանիքի դիմակայությունը։





























