ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ 60 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման փաթեթին, որը ներառում է օգնությունն Ուկաինային, Իսրայելին եւ Թայվանին, ինչպես նաեւ սուզանավերի արտադրության ավելացումը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Այդ լրացուցիչ միջոցներից մոտ 50 մլրդ դոլար տրամադրվելու է ԱՄՆ արդյունաբերական բազայի միջոցով՝ խթանելով աշխատատեղերի բացմանն ավելի քան 30 նահանգներում, հայտնել է նա Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումներում։

«Մեր անվտանգությունն այս տուրբուլենտ օրերին կախված է ամերիկյան նպատակասլացությունից,- ասել է նա։- [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կընկրկի, կթողնի բարեկամներին եւ Ուկրաինային մահացու վտանգի առջեւ։ Եթե Կրեմլը գերակայություն ստանա Ուկրաինայում, դա կոգեշնչի պոտենցիալ ագրեսորներին ամբողջ աշխարհում, եւ ԱՄՆ-ն շատ ավելի քիչ անվտանգ կլինի»։

«Եթե Ամերիկան նահանջի, մենք սպառնալիքի  տակ կդնենք ազատ աշխարհը, եւ դա կարող է հանգեցնել աներեւակայելի վտանգների։ Մենք գիտենք, որ Չինաստանը եւ այլ երկրներ դիտում ու սովորում են Պուտինի գործողություններից եւ մեր արձագանքից»,- ավելացրել է նա։

Օսթինի խոսքով՝ չնայած զորակազմի թվաքանակով եւ կրակային հզորությամբ Ռուսաստանի գերազանցությանը, Ուկրաինան հիանալի աշխատանք է կատարել՝ վերադարձնելով այն տարածքների մոտ կեսը, որոնք Ռուսաստանը սկզբում օկուպացրել էր։

Ուկրաինան ուրիշներին չի խնդրում կռվել իր համար, նշել է Օսթինը, նա խնդրում է իրեն միջոցներ տրամադրել իր ջանքերին աջակցելու համար։

Առանց ռազմական օգնության նրանք չեն կարողանա լրացնել ՀՕՊ համակարգերի պաշարները, որոնք նրանց պետք են իրենց բնակչությանը պաշտպանելու համար, իսկ Կիեւի մյուս պաշտպանական հնարավորությունները ատրոֆիայի կենթարկվեն, ասել է նա։

Անդրադառնալով 2025 ֆինանսական տարվա բյուջեի եւ ապագա բյուջետային հարցապնդումներին՝ Օսթինն ասել է. «Ամենալավ բանը, ինչ կարող է անել Կոնգրեսը պաշտպանության նախարարության հետագա աջակցության համար, կանխատեսելի, կայուն եւ ժամանակին արվող հատկացումներն են»։