Մեծ Բրիտանիայում հարձակվել են չինացի գործարարի վրա եւ պահանջել 15 մլն բիթքոին։ Այս մասին գրել է BBC-ն։ Հարուստ գործարար Դիլան Հուանգի առեւանգումը տեղի է ունեցել հոկտեմբերին, երբ նա գոլֆ էր խաղում իր ծանոթների հետ։ Հինգ մարդ հարձակվել է Հուանգի վրա, ատրճանակ պահել վրան եւ մեքենայով տարել Սուրեյ կոմսություն։ Նրան սպառնացել են սպանել այն բանից հետո, երբ նա ոտքով հարվածել է մեքենայի դռանը։ Նրա ձեռքերն ու ոտքերը կապել էին։

Առեւանգիչները կապել էին գործարարի աչքերը, փակել բերանը սքոչով եւ վանդակ նստեցրել՝ 30 ժամ պահելով այդպես։ Նրան ուտելիք են տվել, բայց թույլ չեն տվել օգտվել զուգարանից։ Առեւանգիչները պահանջում էին, որ Հուանգը նրանց փոխանցի 15 մլն բիթքոինով։ Նա բացատրել է, որ ինքն ունի նման բաժնեթղթեր, բայց դրանց հասանելիություն չունի։ Գործարարին հաջողվել է զանգահարել կնոջն ու երեք ընկերներին, որոնց խնդրել է բերել փողը։

«Մի քանի ժամ անց առեւանգիչները սկսել են չարանալ։ Նրանք սկսել են նրան ցավ պատճառել, խփել են ոտքով, ինչ-որ առարկաներով»,- ասել է դատախազը։

Կտտանքների 30 ժամից հետո չարագործները նրան տարել են այլ գոլֆ-ակումբ եւ բաց թողել։ Հուանգին ազատ արձակելուց մեկ ժամ առաջ Լոնդոնի Չայնաթաուն շրջանում ձերբակալվել էր 35-ամյա Թյանֆու Գուոն, որին ոստիկանությունը կասկածում է դավադրության մեջ՝ գործարարի առեւանգման նպատակով։ Տղամարդը չի ընդունում մեղքը եւ շարունակում է պնդել, որ ոչ մի կապ չունի առեւանգման հետ։ Հայտնի է, որ դատարանում նրան օգնում է մանդարինի լեզվի թարգմանիչը։