Լիբանանի եւ Իսրայելի միջեւ թեժացման սպառնալիքը շարունակվող փոխադարձ գնդակոծությունների ֆոնին իրական է, կողմերը չեն կարող ուժով լուծել հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Լիբանանում ՄԱԿ Ժամանակավոր ուժերի հրամանատար, իսպանացի գեներալ Արոլդո Լասարոն։
«Ռամադանի ավարտվելու եւ Իդ ալ-Ֆիթրի սկսվելու առիթով Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերը կոչ են անում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները եւ շարժվել մշտական հրադադար հաստատելու, հակամարտության երկարատեւ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշվել է Լասարոյի հայտարարությունում։ «Թեժացման սպառնալիքն իրական է։ Ներկա առճակատումը եւ բռնությունը չի կարելի ավարտել ռազմական միջոցներով, միակ միջոցը քաղաքական եւ դիվանագիտական լուծումն է»,- նշել է նա։
Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի հրամանատարը նշել է, որ խաղաղապահները կապ են պահպանում Լիբանանի եւ Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի աահովի նրանց անվտանգությունը, ովքեր վերականգնում են ենթակառուցվածքը, որը փլուզվել է գնդակոծությունների հետեւանքով, եւ զբաղվում է հումանիտար օգնության տրամադրմամբ։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին ու Լիբանանի եւ Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո սկսեց ցամաքային գործողությունն անկլավում։





























