Ռուսաստանն իր «սև ցուցակում» ներառել է Մեծ Բրիտանիայի պետական կառույցների, ՏՏ ոլորտի և իրավաբանական ծառայությունների մի շարք ներկայացուցիչների:
«Մենք արձանագրում ենք բրիտանական կառավարության ագրեսիվ հակառուսական կուրսի շարունակումը, որով Լոնդոնը հռչակում է մեր երկրին «ռազմի դաշտում ռազմավարական պարտության» մատնելու նպատակի մասին՝ ակտիվորեն կիրառելով պատժամիջոցների շրջանակում սահմանափակումների մեխանիզմը և դիվերսիոն տեղեկատվություն և քարոզչական արշավ իրականացնելով:
Ի պատասխան բրիտանական կողմի այս թշնամական գործողությունների՝ որոշում է ընդունվել ռուսական «սև ցուցակում» ներառել պետական գերատեսչությունների, ՏՏ ոլորտի և Մեծ Բրիտանիայի իրավաբանական ծառայությունների մի շարք ներկայացուցիչների»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ սև ցուցակում են բրիտանական ընկերությունների աշխատակիցներ, մասնավորապես՝ Micro Focus-ը, որը Ուկրաինայի իրավապահ մարմիններին ծրագրային ապահովում և կիբերպաշտպանության ծառայություններ է մատուցում: Այդ ծառայություններն անհրաժեշտ են ռուսական զորքերին և ենթակառուցվածքներին հարվածելու համար տվյալների հավաքագրման գործընթացում։
Ցանկում ներառված են նաև անձինք, որոնք «մասնակից են Կենտրոնական Ասիայի երկրների մաքսային օպերատորներին Արևմուտքի կողմից սահմանված անօրինական միակողմանի սահմանափակումներին ենթարկելու պարտադրված փորձերին»:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստան մուտքը փակ է Մեծ Բրիտանիայի 22 քաղաքացու համար։ Նրանց թվում են Micro Focus Group Limited, TechUK, Helsing Limited, Helsing AI, NEC Software Solutions, Improbable, Skyral Defense, Cisco կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Միացյալ Թագավորության ձեռնարկությունների և առևտրի դեպարտամենտի և «Ֆիլդֆիշեր» իրավաբանական ընկերության աշխատակիցներ։





























