Մի շարք երկրներում նկատվում է վստահության ճգնաժամ դեմոկրատական ինստիտուտների հանդեպ, այդ թվում ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ստոկհոլմում տեղակայվող Դեմոկրատիայի եւ ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտի (IDEA) զեկույցին։

Հետազոտությունը, որն իրականացրել է IDEA-ն 2023թ. հուլիսից մինչեւ 2024թ. հունվար՝ 1,5 հազար մարդու մասնակցությամբ, պարզել է, որ ընտրողների մոտ կեսը 19 երկրներից 11-ում, ներառյալ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը, վերջին ընտրությունները համարում են ազատ եւ արդար։ Միայն Դանիայի բնակիչներն են նշել վստահության բարձր մակարդակն իրենց դատական համակարգի հանդեպ։ Ինչպես ցույց են տվել հարցումները, Միացյալ Նահանգներում հարցվողների միայն 47 տոկոսն է վստահ, որ երկրում տեղի են ունենում վստահության արժանի ընտրական գործընթացներ։

Հաշվետվությունում նաեւ տեղեկացվում է այն մասին, որ ավելացել է «ուժեղ առաջնորդի գաղափարը պաշտպանողների» թիվը։ «Նա խորհրդարանում կամ ընտրությունների ժամանակ անհանգստության առիթ չի ունենա»։ Այս առնչությամբ IDEA-ի գլխավոր տնօրենը դեմոկրատական երկրներին կոչ է արել «պատասխանել սեփական բնակչության թերահավատությանը ինչպես կառավարման բարելավման, այնպես էլ ապատեղեկատվության աճող մշակույթի դեմ պայքարի միջոցով, որը նպաստում է կեղծ մեղադրանքների տարածմանը վստահության արժանի ընտրությունների հասցեին»։

Դեմոկրատական ինստիտուտների հանդեպ վստահության նվազումը տեղի է ունենում աջ կուսակցությունների եւ առաջնորդների դիրքերի ամրապնդման ֆոնին, հատկապես եվրոպական երկրներում։ 2022-ից այդ կուսակցությունները հաղթանակ են տարել Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Սլովակիայի խորհրդարաններում։