ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխել դիրքորոշումը Կիեւին տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցում՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնի հետ խոսակցությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է CNN ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ «չկա որեւէ նշան», որ քաղաքական գործիչը փոխել է իր տեսակետը։ Թրամփի որոշ կողմնակիցներ, որոնք աջակցում են Ուկրաինային օգնության տրամադրմանը, «զուսպ լավատեսություն» են հայտնել Քեմերոնի հետ Թրամփի հանդիպումից հետո, տեղեկացրել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Քեմերոնը The Washington Post թերթի հարցազրույցում հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ փորձել է համոզել նրան, որ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային՝ ԱՄՆ ուժեղ դիրքերը Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ պահելու համար։ Բրիտանացի նախարարի կարծիքով՝ ցանկացած ամերիկյան առաջնորդ պետք է համոզի Կոնգրեսին հավանություն տալ Ուկրաինայի օգնությանը, որպեսզի այնտեղ ստեղծվի նպաստավոր իրադրություն։ Խոսելով իր խոսքերին Թրամփի արձագանքի մասին՝ Քեմերոնը խուսափել է ուղիղ պատասխանից՝ հայտնելով, որ նախկին նախագահը ինքն իր տեղը կխոսի։
Թրամփն ավելի վաղ որպես տարբերակ ամերիկյան վարչակազմին առաջարկել էր Ուկրաինային օգնություն տրամադրել վարկերի ձեւով։ Նա տարակուսանք էր հայտնել, թե ինչու պետք է ԱՄՆ-ն «պարզապես փող տա Ուկրաինային»։





























